Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Նոր խորհրդարանի հին որակը

Նոր խորհրդարանի հին որակը
14.04.2017 | 11:33

Հայաստանի քսանհինգամյա պատմության ընթացքում դասական խորհրդարանական «համ ու հոտ», քիչ թե շատ, ունեցել է 1990-ի խորհրդարանը, որում կարելի էր հանդիպել քաղաքական բանավեճերի, կոնցեպտուալ ելույթների: 1995-ից սկսած` խորհրդարանների որակն անշեղորեն ընկել է` թե՛ քաղաքական, թե՛ մասնագիտական, և թե՛ բարոյական հարթություններում: Քսան տարուց ավելի է` մեր խորհրդարանը «գրպանային» է` թե այն, որ երեկ «բարեհաջող» տապալել է իր վերջին նիստը, և թե եկողը, որի հին ու նոր պատգամավորները խանդավառությամբ նախապատրաստվում են իրենց «սեպտեմբերի 1»-ին:

Այս ֆոնին` բացարձակապես զարմանալի չէ, որ գործող 55 «խուլ ու համր» պատգամավորներից 20-նն ընտրվել է նաև նոր խորհրդարանում: Հենց այս մարդիկ են իրականում բնութագրում գործող իշխանությանը, որովհետև խորհրդարանում հինգ տարի շարունակ լռելով` նրանք բացահայտում են «վերևների» քաղաքական, արժեքային սնանկությունը, մյուս կողմից` նույն այս «խուլ ու համրերը» «տոկոս խփողներն» են` ընտրություններում ապահովելով հանրապետականների ու հասարակության կարծիքների «ներդաշնակությունը»:


Թերևս խորհրդանշական է, որ իր առաքելությունն ավարտող խորհրդարանը «գրպանային» է եղել ոչ միայն մանր-մունր քվեարկությունների, այլև գլոբալ հարթության մեջ: Հենց հինգերորդ գումարման խորհրդարանն է «կանաչ լույս» վառել Հայաստանի «անշրջելի եվրասիականացման» ճանապարհին, ինչպես նաև «դակել» է սահմանադրական փոփոխությունների փաթեթի օգտին` հնարավոր դարձնելով Հայաստանի իշխանության «եվրասիական» վերարտադրությունը «եվրոպական» նոտաներով:


Պետք չէ պատրանքներ ունենալ, որ նոր Սահմանադրությամբ ուժեղացած խորհրդանը նոր որակ կունենա: Պետական մարմնի դերն արժևորվում է ոչ այնքան օրենքներով, որքան քաղաքական մշակույթով ու հասարակության արժեքային պատկերացումներով: Մեր քաղաքական մշակույթը շարունակում են ձևավորել ռեյտինգային ակտիվ «խուլ ու համրերը», իսկ ժողովուրդը նախընտրում է ռաբիսը ու, ակնհայտորեն, ոչ միայն արվեստի բնագավառում:

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 2790

Մեկնաբանություններ